Հայկ Սարգսյանը խոսել է իր և Ալեն Սիմոնյանի միջև առկա տարաձայնությունների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ է հայտնել իր ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպից, որին անդրադարձել էր նաև կուսակցությունը:

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ վարչությանը 2024 թվականի մարտի 4-ին։ Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու է իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում ներկայացրել»,- ասել է Սիմոնյանը:

Սարգսյանն այլ մանրամասներ չի ներկայացրել, փոխարենն ասել է, որ ինքն էլ ապրիլին է դիմել ՔՊ վարչություն, որ Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեն։ Հարցը, սակայն, չի քննարկվել երկար ժամանակ։

«Քննարկվել է սեպտեմբերին»,- հավելել է պատգամավորը:

Սարգսյանը հերքել է կուսակցության ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, թե իրեն երկու անգամ հրավիրել են, բայց ինքը չի ներկայացել, որ քննեն դիմումը։

«Այդպես չէ, ես խնդրել եմ, որ հաղորդագրության այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել»,- եզրափակել է Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին հաղորդել էր, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ