Երկիրը ինձ դավաճանեց. Պուգաչովան երկար դադարից հետո խոսել է

Երգչուհի Ալլա Պուգաչովան երկար տևած լռությունից հետո առաջին անգամ ծավալուն հարցազրույց է տվել, խոսել Ռուսաստանը լքելու որոշման և պատճառների, ընտանիքի, սիրո, քննադատությունների մասին:

Այդ ամենը նա ասել է Կատերինա Գորդեևայի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է վերջինիս YouTube-ի ալիքում:

Այս հարցազրույցը ծավալով և քննարկված թեմաներով առաջինն է Պրիմադոննայի՝ 3,5 տարի առաջ ՌԴ-ից հեռանալուց ի վեր:

Պուգաչովան նշել է, որ իզուր են իրեն քննադատում երկիրը լքելու և այդպիսով իր երկրին դավաճանելու համար:

«Ինչո՞վ եմ ես դավաճան: Զգացողություն է, որ մանկուց պառկած եմ եղել փափուկ բազմոցի վրա, և երկիրը գդալով կերակրել է ինձ: Այն փաստը, որ ես աշխատել և սովորել եմ, չի հաշվվում: Մարդն իրավունք ունի հեռանալու, որպեսզի իրեն չվիրավորեն: Եթե նրան վիրավորում են առանց պատճառի… ես վաղուց ասել եմ, որ կարող եմ լքել երկիրը միայն մեկ դեպքում՝ եթե այն դավաճանում է ինձ: Այն դավաճանել է ինձ, բայց միլիոնավոր երկրպագուներ չեն դավաճանում ինձ: Ասում են՝ ես փախել եմ ՌԴ-ից, հո բա՞նտ չէր, որ ես փախչեի. ՌԴ-ն մեծ, հզոր երկիր է, բայց պակասում է մեծահոգությունը»,- ասել է երգչուհին:

Ալլա Պուգաչովան և նրա ընտանիքը լքել են Ռուսաստանը 2022 թվականի աշնանը, երբ նրա ամուսինը՝ շոումեն և դերասան Մաքսիմ Գալկինը, ճանաչվեց որպես օտարերկրյա գործակալ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հրապարակային քննադատության պատճառով։

Երգչուհին երկար ժամանակ չէր մեկնաբանում այս իրադարձությունները։

Ընտանիքն այս ընթացքում փոխել է մի քանի երկիր և, ի վերջո, բնակություն է հաստատել Կիպրոսում, որտեղ զույգի երեխաները դպրոց են հաճախում և օտար լեզուներ ուսումնասիրում, իսկ ծնողների հասցեին վիրավորանքն ընդունում են ծիծաղով:

«Նրանք ինտերնետ չունեն, Ինստագրամ չունեն։ Նրանք հատկապես չեն հետաքրքրվում դրանով․ ինչո՞ւ հետևել այդ ամենին: Մենք ամեն ինչ բացատրում ենք ծիծաղով, որպեսզի նրանք նույնպես ծիծաղեն։ Ես միշտ նրանց ասում եմ, որ «սա այն է, ինչ ասում են մեզանից ավելի վատ վիճակում գտնվող մարդիկ»։ Մեր հասցեին ասվածները մեզ չեն վերաբերում, թող ասեն այն, ինչ ուզում են։ Քանի դեռ մեզ մոտ ամեն ինչ լավ է, նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են»,- ասել է Պուգաչովան։

Նա նաև զարմանք է հայտնել այն փաստի մասին, որ ազատ խոսքը ճնշվում է:

«Ինձ համար այնքան սուր ցավ էր, որ այդպես եղավ: Ես չեմ հասկանում, թե ինչու են խելացի մարդկանց կարծիքները ճնշվում։ Պետությունում պետք է լինեն տարբեր կարծիքներ, որովհետև ինչպե՞ս կարող ես ճիշտը որոշել, եթե կարող ես միայն մեկ կարծիք ունենալ, իսկ մնացած բոլորը ճնշվում են։

Ես չէի լռի, որովհետև ինձ համար ավելի լավ կլիներ հեռանալ։ Ես գիտեի, թե ինչպես կարող էր դա ավարտվել։ Խիղճն ավելի արժեքավոր է, քան փառքը, շքեղությունը հատկապես իմ տարիքում»,- նշել է Ալլա Պուգաչովան:

Շարունակելով տարիքի թեման՝ վերջինս հավելել է, որ բացարձակ չի վախենում մահից ու ապրում է կյանքի ամեն ակնթարթը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ