ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի քույրն ու 3 եղբայրները շատ տարբեր առողջական խնդիրներ ունեն։ Դրանք ոչ միայն կապված են փոքր եղբոր սպանության, այլև երեխաների կյանքի վատ որակի, մտավոր կարողությունների, հոգեկան առողջության հետ։ Sputnik Արմենիայի հետ (https://arm.sputniknews.ru/) զրույցում այս մասին ասաց Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։

Անտոնյանի խոսքով` երեխաների հոգեբանական կարիքների գնահատում արվել է, և դրա արդյունքում հայտնաբերված խնդիրների մեծ փունջն առնչվում է Տիգրանի սպանությանը, և նրան, որ երեխաները հիմա իրենց ընտանիքում չեն։ Երեխաները դեռ սթրեսի մեջ են։
«Ոչ թե կիսախնամք կամ վատ խնամք, այլ խորը անխնամություն։ Այսինքն` խոսում ենք ոչ թե վերջին 1-2 ամսվա վատ խնամքի, այլ այդ երեխաների անտեսված լինելու մասին։ Երեխաները կենցաղային հմտություններ, հիգիենա, առօրյայի կազմակերպում չեն սովորել։ Հնարավոր է` երեխաների մոտ առկա են ոչ միայն հոգեբանական, այլև հոգեբուժական խնդիրներ»։
