Տիկին Սյուզին կատարյալ դատավճիռ է կայացրել Գաբրիել Ջեմբերջյանի մասով ու որոշել պատժել իր գործիքով՝ լրագրողական զենքով’ տեսախցիկով․ Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Գաբրիել Ջենբերջյանի հետ ծանոթացել եմ Հանրային խորհրդում ու համատեղ գործ ենք արել 2 տարի։ Սիրահայ գործարար է՝ լուրջ կարողություններով և բարեգործություններով։ Արմաթ լաբորատորիաների մեծ նվիրատուներից է եղել ու կա։ Իր ֆինանսական դիրքի բերումով բնականաբար առնչվել է Հայաստանի բոլոր իշխանությունների հետ, ու կախված նրանից, թե տվյալ իշխանությունը խաղի ինչ կանոններ է պարտադրել, մյուս գործարարների նման գործել է այդ դաշտում։ Միշտ չէ, որ դրանից շահել է։ Բայց որպես մարդ նաև ստորաբար չի դավաճանել նրանց, ում հետ աշխատել է։ Ինձ երբեք չեն խանգարել նրա քաղաքական հայացքները Հանրային խորհրդում որևէ լավ գործ նախաձեռնելիս։

Պատերազմի շրջանում նա այն մարդն էր, որ իմ կազմավորած օպերատիվ շտաբում պատրաստ էր լուծել այն խնդիրները, որոնք պետք էին Արցախում, բանակին։ Մի գաղտնիք բացեմ առանց իր թույլտվության․ պատերազմի դժնդակ օրերից մի օր եկավ ու ասաց, որ Արցախում զինվորականներն ասում են, որ տարբեր առաջադրանքներ կատարելու համար ցանկալի կլինի կվադրոցիկլեր ունենալ․․․․ Ժամանակը կարճ էր ու ես ինքս անձապես ոչ գիտելիքներ, ոչ ճշտելու կարողություններ ու ժամանակ ունեի դրանց իրապես պահանջված լինելու մասին։

Համապատասխան հաղորդակցությունից հետո նա հավաքեց Ծաղկաձորի որոշ հանգստյան տների կվադրոցիկլեր Արցախ ուղարկելու համար՝ դրանից նորերը առնելու ու փոխարինելու պարտավորությամբ։ Ու այսպիսի մարդ է Գաբրիել Ջեմբերջյանը։ Այո, նա չափազանց մոտ է Վեհարանի, Կաթողիկոսի հետ ու ինձ համար զարմանալի չէր, որ նա որպես Գարեգին Բ-ին հաջակցություն գնալու է այնտեղ։ Ու կրկնում եմ, ինձ համար բացարձակ կարևոր չեն եղել նրա քաղաքական կամ այլ հայացքները, ինչպես որ Հանրային խորհրդում կարևոր չեն եղել, թե ովքեր են սիրում իշխանությանը և վարչապետին, ովքեր՝ չեն սիրում։ Ինքս իմ բոլոր քայլերում ու նախաձեռնություններում բացառել եմ իմ կամ մյուսների քաղաքական համակրանքների ու հակակրանքների պրոյեկտումը ընդհանուր և պետական գործի վրա։

Այսօր սկանդալներով հայտնի լրագրող Սյուզի Բադոյանը աներևակայելի ու անթույլատրելի վրաքագծով Գաբրիել Ջեմբերջյանին հանել է հունից հենց Էջմիածնում միայն նրա համար, որ Ջեմբերջյանը համարձակվել է ներկա գտնվել նաև վարչապետի տիկնոջ բարեգործական ընթրիքին ու նվիրատվություն անել ծրագրերի համար, ինչպես որ դա միշտ արել է անցած տասնամյակներում։ Տիկին Սյուզին կատարյալ դատավճիռ է կայացրել Գաբրիել Ջեմբերջյանի մասով ու որոշել պատժել իր գործիքով՝ լրագրողական զենքով’ տեսախցիկով։ Մի կողմ եմ թողնում, թե ինչ կլինի տիկին Սյուզիի վիճակը, եթե նրա մասով ամենատարբեր մարդիկ կիրառեն իրենց մասնագիտական զենքը այնպես, ինչպես Սյուզին է գործածում․․․ Համաշխարհային վայնասունից պրծում չենք ունենա։ Բայց ժամանակն է, որ լրագրողական համայնքն էլ ինքնակարգավորման անցնի այն առումով, որ գոնե ամոթանքի ինստիտուտով փրկեն իրենց մասնագիտությունը պախարակվելուց։ Ես անձամբ չափազանց մտահոգված եմ տարբեր նյութերի ներքո լրագրողների վերաբերյալ ընդհանրացնող գրառումներից։ Կարծում եմ՝ իրենց պարտքը բարեխղճորեն կատարող լրագրողներն էլ մտահոգված են։ Ու եթե այս ամենը այսպես շարունակվի, ապա լրագրողության ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը ուղղակի լինելու է հակառեյտինգի դաշտում․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ