Լիբանանցի հայտնի բլոգերի պատրաստած ղափամայի աղմկահարույց տեսանյութն ու Հայաստանից պատվիրած տարազը

Լիբանանցի հայտնի բլոգերի պատրաստած ղափամայի աղմկահարույց տեսանյութն ու Հայաստանից պատվիրած տարազը

Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է լիբանանցի 25-ամյա հայտնի բլոգեր Աբիր Էլ Սաղիրի հրապարակած տեսանյութը, որում նա հայկական ավանդական ուտեստ է պատրաստում:

Շեֆ-խոհարարը, որն Ինստագրամում շուրջ 7 միլիոն հետեւորդ ունի, ՏիկՏոկում՝ 24,9 միլիոն, եւ ներկայացնում է տարբեր ազգերի յուրահատուկ ճաշատեսակները, գեղեցիկ հոլովակում հայկական տարազով է եւ «Հեյ ջան, ղափամա» երգի հնչյունների ներքո ցուցադրում է ղափամայի պատրաստման ընթացքը:

Աբիր Էլ Սաղիրը տեսանյութին կից գրել է «Հայկական ղափամա», իսկ հոլովակի ավարտին ներկայացնում է մեր եռագույնը:

Երեկոյան հրապարակված տեսանյութն արդեն 2,5 միլիոնից ավելի դիտում ունի, իսկ մեկնաբանություններում, բնականաբար, հիստերիա են բարձրացրել ադրբեջանցիներն ու թուրքերը:

 

BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ Աբիր Էլ Սաղիրի ներկայացրած տարազի հեղինակը Գոհար Ասատրյանն է: Նա մեզ հետ զրույցում պատմել է, որ այն Սյունիք-Արցախյան տարազախմբին է պատկանում, վրան ասեղնագործված են Արցախի գորգանախշեր՝ խաչկարով:

«Աբիրն իմ առցանց խանութում ներկայացված տարազներից հենց այդ մեկն է պատվիրել, որն անմիջապես կարել եւ ուղարկել ենք Լիբանան: Պատկերացում չեմ ունեցել, թե ով է: Երեկ պատահական ընկերներիս հրապարակումներում եմ տեսել զգեստն ու հասկացել, որ իմ կարածն է: Իսկական անակնկալ էր ինձ համար, բայց ուրախ եմ, որ նրա շնորհիվ մեր տարազն ու մշակույթն ավելի շատ մարդկանց հասանելի դարձավ, ինչը նաեւ ադրբեջանցիների ու թուրքերի բուռն դժգոհությունն է առաջացրել»,- նշել է դերձակ-մոդելավորողը, որը նախկինում զինվորական է եղել:

BRAVO.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ