«Ամուսինս ռшզմшճակшտից տեսազանգի ժամանակ էկրանը «սքրին» էր արել, ես տեսա իմ դեմքը, կարծես ծանր հիվшնդ լինեի». Անի Քոչար

«Հայացք» հաղորդման շրջանակներում լրագրող, «Հանձնվել չկա» գրքի հեղինակ Անի Քոչարը պատմել է, որ ամուսնությունից մի քանի օր հետո սկսվեց պատերազմն ու մեղրամսից վերադառնալուց հետո ամուսինը մեկնեց ռազմաճակատ:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Պատերազմի մասին խոսելիս միշտ մտածում եմ, որ միայն ես չէի, հազարավոր մարդիկ անցան դրա միջով: Զարմիկներս առաջնագծում էին, անգամ, եթե միայն ամուսինս այնտեղ չլիներ, դա մեր բոլորի ցավն էր: Այնպես ստացվեց, որ ես պատերազմի մի հատվածը Հայաստանում էի, հետո՝ Գերմանիայում, որովհետև բալիկս այնտեղ էր, պետք է գնայի, իրեն հասնեի:

Շատ ծանր էի ապրում պատերազմի օրերը: Եվ, քանի որ կապի միջոց առաջին օրերին չկար, ես անորոշության մեջ էի, բայց ասում էի՝ Աստված իմ, իմ աղոթքները չեն թողնի, որ նրան ինչ-որ բան պատահի:

Բայց նաև հետևում էի լուրերին ու տեսնում էի, թե ինչ է կատարվում: Յուրաքանչյուր հայորդու կորուստն ինձ համար շատ մեծ ցավ էր: Եվ հիշում եմ, թե ինչ վիճակում էի գնում որդուս դպրոցից վերցնելու, ուսուցիչները զարմացած ամեն անգամ հարցնում էին՝ ամեն ինչ կարգի՞ն է: Հայելու մեջ անգամ ինձ չէի նայում:

Հայելու մեջ ինձ նայեցի ու հասկացա, որ իսկապես ահավոր է վիճակս, երբ մի անգամ հաջողվեց տեսազանգով ամուսնուս հետ խոսել: Նա էկրանը նկարել էր՝ «սքրին» էր արել և ուղարկել էր մեր նախաամուսնական շրջանից մի նկար ու կողքը այդ օրվա «սքրինը»: Ինձ ընդամենը գրել էր՝ «Անի, հավաքի՛ր քեզ»:

Ես առաջին նկարում երջանիկ ժպտացող արտաքինով մեկն էի, իսկ 2-րդում կարծես ծերացած, անխնամ, շատ վատ վիճակում, կարծես ծանր հիվանդության մեջ լինեի:

Կողքից երբեմն քեզ չես կարողանում նայել, ես նկարին նայելիս հասկացա, թե ինչու էին դպրոցում Դավիթիս ուսուցիչները հացնում, թե արդյոք ինձ հետ ամեն բան կարգին է: Մի տեսակ ինձ կորցրած վիճակ էր:

Ու նաև կռիվ ունեի աշխարհի հետ, որ արդյոք չեք տեսնում ինչ է կատարվում, ինչո՞ւ եք ձեր բնականոն կյանքով ապրում:

Կարմիր խաչ էի զանգում, նախկին գործընկերներիս… ասում էին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ, դա առանձին պետություն է, դա ծանր ապտակի էր նման և այդտեղ ես հասկացա, թե աշխարհն ինչ աչքերով է նայում մեր խնդրին ու ցավին:

Եվս մեկ անգամ Խրիմյան հայրիկին էի հիշել ու հասկացել, որ մեր շերեփը թղթից է»,- պատմել է Անի Քոչարը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ