Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սիրեց ոչ միայն հայ հանդիսատեսը, այլ նաեւ օտարազգի. արդեն մի քանի անգամ է՝ այն միջազգային կինոփառատոներում տարբեր մրցանակների է արժանանում:
Ֆիլմում գլխավոր կերպարներից մեկին՝ Զուլալի անունով աղջկան մարմնավորող դերասանուհի Հերմինե Ստեփանյանը «Սալենտո» միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասանուհի: Նրա խաղը փառատոնի պաշտոնական էջում հետեւյալ կերպ է մեկնաբանվում. «Հայ դերասանուհու խաղն արտասովոր կերպով է ցույց տալիս ցավն ու սերը, երբ խոսքեր չեն ասվում, բայց բացահայտվում են իր հայացքում, կեցվածքի, ժպիտի եւ անմարդկային հնչյունների կամ իր ներսում եղած իմաստալից լռության մեջ»:
Մրցանակի մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 12-ի երեկոյան: Դերասանուհի Հերմինե Ստեփանյանի հետ պայմանավորվել էինք հարցազրույց ունենալ, սակայն ժամեր անց Ադրբեջանի զինված ուժերը հարձակում իրականացրին Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
Դերասանուհու հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.
— Հերմինե, պայմանավորվել էինք զրուցել մրցանակի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 13-ին, սակայն բոլորիս հայտնի պատճառներով չեղարկվել էր նաեւ մեր հարցազրույցը:
— Շատ ցավալի է, բայց թշնամի պետության չդադարող ագրեսիան ու այդ ամենը դարձել են մեր օրվա անբաժան մասը: Չենք կարողանում նույնիսկ ձեռքբերումների վրա ուրախանալ, որովհետեւ հասկանում ենք՝ մեր երկրում մեզ ու մեր հարազատների հետ ցանկացած պահի տեղի է ունենում այդ արհավիրքը: Եթե ասեմ, որ գրոտեսկային ձեւով ուրախությանս կողքին մեկ էլ, հոպ, հայտնվեց այդ ողբերգությունը, այնքան էլ ճիշտ չի լինի: Ցավոք սրտի, այդ խնդիրը մշտապես ապրում է մեզ հետ, եւ ես կուզենայի, որ նույնիսկ այս հարցազրույցը լիներ մի զենք, որի միջոցով եւս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը կգրավեի դեպի մեր երկիրը: Այո, այսպիսի պայմաններում այստեղ ֆիլմ է նկարվում, միջազգային փառատոների ենք մասնակցում: Ցավոք սրտի, այնպես չստացվեց, որ ես ներկա լինեի եւ անձամբ վերցնեի մրցանակը, բայց եթե այնտեղ լինեի, շնորհակալության կողքին նաեւ կարեւոր մեսիջ պետք է փոխանցեի՝ ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավելով փոքրիկ Հայաստանի վրա, որին մեծ ագրեսիայի թիրախ է դարձրել Ադրբեջանը:
— Վերջերս հաճախ է բարձրաձայնվում այն մասին, որ արվեստի, մշակույթի հայ գործիչները պարտավոր են ի լուր աշխարհի խոսել տեղի ունեցողի մասին: Անգամ եղավ մի ժամանակահատված, երբ քննադատության թիրախ դարձան մեծ լսարան ունեցող այն հայերը, որոնք ընդհանրապես այդ հարթակը չեն ծառայեցնում նման նպատակի:
— Դրսում ապրող մեր ազգաբնակչության անունից չեմ կարող խոսել, ոչ էլ կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան պահանջել: Ինչ վերաբերում է մեր երկրում ապրողներին, ապա, կարծում եմ, թե՛ մեր սպորտսմենները, թե՛ մշակույթի գործիչները հնարավորության դեպքում բարձրաձայնում են այդ խնդիրը: Ամեն դեպքում, եթե իրատեսական նայենք հարցին, ապա մեր լսարաններն էլ այնքան մեծ չեն, որ ի լուր աշխարհի կարողանանք տարածել: Բայց, կարծում եմ, պետք է մշակույթի նախարարությունը կամ մեկ այլ կառույց մշակի հատուկ ռազմավարություն, որպեսզի հասկանանք ու ուղղորդվենք դրանով: Հատկապես հիմա պետք է մտածել տարբերակներ, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա Ադրբեջանի վայրագությունների մասին:
— Վերադառնալով «Զուլալի»-ին. Ձեր կերպարը շատերին է տպավորել: Խնդրում ենք՝ խոսեք դրա մասին. ի՞նչ էր այն Ձեզ համար:
— Բավականին երկար աշխատանք ենք տարել Հայկ Օրդյանի հետ ամբողջ թիմով: Ես ու Հայկը 24-ժամյա աշխատանքի մեջ էինք, փնտրում էինք մեր Զուլալիին: Ուսումնասիրում էի մարդկանց, որոնք իրենց խնդրի, իրենց աշխարհի մեջ էին ապրում: Զուլալիին փնտրելիս հասկացա, որ բնության մի մասնիկ է ու շեշտը դրեցի իր բնություն լինելու վրա: Մարդու մեջ ամեն ինչ կա, բնավորության բոլոր գծերը, նոր կերպար ուսումնասիրելիս գտնում ես համապատասխան կետն ու հիմնվելով դրա վրա՝ ակտիվացնում հենց այդ գիծը: Շատ հաճախ եմ հիմա էլ մտովի տեղափոխվում Զուլալի նկարահանման հրապարակ, որտեղ ուղղակի ֆանտաստիկ մթնոլորտ էր ստեղծվել: Առհասարակ, կինոարվեստում մրցանակի ձեռքբերումն ամբողջ թիմինն է: Հավատացեք, անգամ ամենալավ դերասանին ֆիլմում կարելի է չտալ այդ դաշտը, բացվելու տեղը, կամ, հակառակը, քիչ հնարավորություններով դերասանին կարելի է բացել, լավ օպերատորի ու ռեժիսորի աշխատանքի շնորհիվ ունենալ լավ արդյունք: Ինչ վերաբերում է ստացածս մրցանակներին, միշտ հանգիստ եմ վերաբերվում, նույնիսկ շրջապատիս մարդիկ երբեմն զարմանում են դրանից: Առհասարակ, դիպլոմներին, կոչումներին ու մրցանակներին միշտ շատ հանգիստ եմ վերաբերվել:
— Ֆիլմն առաջիկայում այլ ի՞նչ մրցույթների եք ներկայացնելու:
— Ֆիլմի պրեմիերայից հետո գալիս է մի պահ, երբ արդեն սկսում ես պտուղները քաղել, «Զուլալին» այժմ այդ փուլում է: Ֆիլմն ուղարկվել է մի շարք փառատոների, որոնց մի մասը դեռ տեղի չեն ունեցել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն բավականին լավ արձագանքներ ենք ստացել դրսից: Մի քանի օր առաջ էլ Սանկտ Պետերբուրգում «Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար իմ շատ սիրելի Մարինե Պետրոսյանը «Գրականություն եւ կինո» («Литература и кино») միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը: Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկիա» մրցանակաբաշխության նոմինանք՝ «ԱՊՀ երկրների եւ Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մրցանակաբաշխությունն էլ հետաձգվել է: Ցավում եմ, բայց մենք հիմա մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ առավելագույնը 2-3 օրվա ծրագիր կարող ես կազմել:
— Իսկ տեւական այս ծանր օրերի եւ տխուր իրականության մեջ ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել ու շարունակել ստեղծագործել:
— Մի անգամ իմ շատ սիրելի վարպետը՝ Վահե Շահվերդյանը, ասաց՝ դերասանի կյանքը հարստանում է նաեւ ողբերգություններով. ցանկացած ողբերգություն, որը տեղի է ունենում մեզ հետ, մեզ համար մի նոր շերտ է ստեղծագործելու համար: Պատերազմներից, երկրաշարժերից ու արհավիրքներից հետո բազմաթիվ բանաստեղծություններ են գրվում, երգեր ու ֆիլմեր ստեղծվում: Այդ ամենը, որպես դերասան, նաեւ մեր մեջ մի նոր շերտ է ավելացնում, շատ բաների սկսում ենք այլ խորությունից ու այլ կերպ նայել: Ստեղծագործությունը՝ երաժշտությունը, թատրոնը, կինոն, արտիստի համար փոքրիկ անկյուն են, որտեղ նա կարողանում է ամբողջովին կտրվել: Վերցնելով արհավիրքի հետեւանքով ստացած նոր զենքերը՝ արտիստն իր աշխարհն է ստեղծում ու սկսում ստեղծագործել: Կարծում եմ՝ այդ ողբերգություններն են նպաստում, որ մեկ աստիճան ավելի բարձր ու խորն ես ստեղծագործում: Բայց, ցավոք, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ հատկապես 2020 թվականից հետո կյանքը կանգ է առել. չի ընդհատվում այն, ինչ տեղի է ունեցել: Արցախյան հերոսամարտից հետո մեզ հետ անդադար նույն բանն է տեղի ունենում, ակտիվության տեմպն է միայն փոփոխվում. ինչ-որ փուլում՝ ավելի ակտիվ, ինչ-որ փուլում՝ ավելի պասիվ: Ես գիտեմ, որ եղել են նույնիսկ դրսում ապրող հայ ռեժիսորներ, որոնք 2020-ից հետո փոխել են իրենց ֆիլմի ընթացքը կամ ավարտը: Երբեմն մեր հանրությունից լսում ենք դժգոհություններ, ասում են՝ վա՜յ, դե հոգնեցինք, ինչքա՜ն կարելի է պատերազմի, ցեղասպանության մասին խոսել, երգել, ֆիլմեր նկարել: Բայց եկեք ընդունենք, որ դա է այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Լրիվ այլ բան է, որ մենք պետք է ունենանք նաեւ այլ թեմաներով ստեղծագործություններ եւ այնպես էլ չէ, որ չունենք: Այն, որ այս իրականությունը գրված է մեր ճակատին ու պետք է սրա միջով անցնենք, անխուսափելի է:
— Վերջերս նաեւ շատ է խոսվում մեր հանրության անհանդուրժողականության եւ ագրեսիվ վարքագծի մասին: Դուք եւս դա նկատո՞ւմ եք:
— Գիտեք, եթե դա մեր պետականությունն ու հայրենիքը պահելուն, պաշտպանելուն է վերաբերում, ապա՝ այո, ես ուզում եմ, որ մենք լինենք անհանդուրժող: Իսկ եթե խոսքը միջանձնային հարաբերությունների մասին է, կուզենայի՝ շատ ավելի հանդուրժող լինեինք միմյանց հանդեպ, բոլոր ժամանակներում: Այս պահին շատ տարբեր էմոցիոնալ շերտերի մեջ են մարդիկ: Հիմա մեզ մոտ յուրաքանչյուր մարդ տարբեր հոգեվիճակում է, անգամ՝ նույն ընտանիքում ապրող մարդիկ: Այս պահին միակ միասնական բանը ցավն է հայ զինվորի, հայի ու Հայաստանի ճակատագրի համար: Իսկ թե դրանք ի՞նչ հոգեվիճակներում են արտահայտվում, չափազանց տարբերն են: Ես շատ կուզենայի, որ այլ կարեւոր հարցերում էլ ունենայինք միասնականություն, բայց այդ միասնականության գաղափարներն էլ պիտի լինեն, պիտի արտադրվեն, որպեսզի կարողանանք ճիշտ լոբինգ անել ամբողջ աշխարհում: