«20-ամյակը Մխիթարիս վերջին ծնունդն էր, դիրքերում էր»․ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 22 տարեկան

«20-ամյակը Մխիթարիս վերջին ծնունդն էր, դիրքերում էր»․ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 22 տարեկան

Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան։ Հերոսի մայրը՝ Աստղ Գալեյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 2-րդ տարին է՝ որդու ծնունդը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են նշում․

«Ոչ միայն Մխիթարիս ծնունդը, այլև մեր ծնունդները «Եռաբլուր»-ում ենք անցկացնում, ժամը 12-ին իր մոտ ենք լինում։ Մեզ համար «ծնունդ» բառը վերացել է, ուղղակի սիմվոլիկ գնում ենք Մխիթարիս տուն, մենք այդպես ենք համարում՝ իր տուն։ Մխիթարիս ընկերները, հարազատները, մեր բախտակից ծնողները գիշերը «Եռաբլուր»–ում ենք եղել, ժամը 3-ն էր՝ նոր տուն ենք եկել»։

Տիկին Աստղը մեզ հետ զրույցում պատմեց՝ Մխիթարը շատ էր սիրում իր ծննդյան օրը, անհամբեր էր սպասում այդ օրվան․

«Պատանեկության տարիներին Մխիթարս ընտանիքի հետ էր հիմնականում նշում ծնունդը, որ մի քիչ մեծացավ՝ 16-17 տարեկան, սիրում էր ընկերների շրջապատում ծնունդը նշել, մենք էլ դեմ չէինք լինում, որ դրսում է նշում․․․ Սիրում էր ծննդյան օրը, անհամբեր սպասում էր, մենք էլ 17-ի գիշերը միշտ իրենից թաքուն տորթ էինք պատրաստում, հենց ժամը 12-ն էր լինում, օրը փոխվում էր՝ օգոստոսի 18-ը՝ մոմերով, սալյուտներով շնորհավորում էինք․․․»։

Մխիթարն իր վերջին 2 ծնունդները՝ 19 և 20 ամյակները բանակում էր նշել՝ դիրքերում։

«20-ամյակը Մխիթարիս վերջին ծնունդն էր, էլի դիրքերում էր։ Շատ-շատ պատրաստություն էր տեսել, միս էր տարել դիրքեր, տղաներով անընդհատ խորոված էին անում։ Ասում էր՝ տղաների հետ եմ, ամեն ինչ նորմալ է, լավ է․․․

Այդ օրը՝ Մխիթարիս 20-ամյակին, իմ ձեռքերով մի մեծ տորթ էի պատրաստել, դա իր ծննդյան վերջին տորթը եղավ։ Թվերը (20.- Ն․Խ․) դրեցինք, մենք՝ ընտանիքի անդամներով, մոմերը փչեցինք, տորթը կտրեցինք, նշեցինք՝ այն հույսով, որ մյուս տարի Մխիթարս պետք է մեզ հետ անցկացնի ծնունդը, բայց, ցավոք սրտի․․․»,- հիշում է Մխիթարի մայրը։

Տիկին Աստղն ասաց, որ այսօր ժամը 19։30-ին կրկին գնալու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, իրենց հետ կտանեն նաև հերոսի եղբորը՝ կրտսեր Մխիթարին․

«Փոքր Մխիթարն այսօր կգնա իր եղբոր ծննդյան օրը «Եռաբլուր»-ում անցկացնելու, երեկոյան կտանենք մեզ հետ․․․»։

Նշենք, որ 1 ամիս առաջ՝ հուլիսի 15-ին, ծնվել է Մխիթար Գալեյանի եղբայրը, փոքրիկին ծնողներն անվանակոչել են իրենց հերոս որդու անունով՝ Մխիթար։

Հիշեցնենք, որ 20-ամյա զինծառայող Մխիթար Գալեյանը զոհվել է 44 օրյա պատերազմի ընթացքում: Երբ ծանր մարտում զոհվել էր դասակի հրամանատարը, որպես դիրքի ավագ՝ Մխիթարն իր վրա էր վերցրել մարտը ու մինչև վերջ պայքարել: Մխիթարն ու իր ընկերը՝ Հայկը, զոհվել են իրենց երրորդ ընկերոջ կյանքը փրկելիս։ Երբ լսում են նահանջի հրամանը, վերադառնում են իրենց վիրավոր ընկերոջը փրկելու: Մարմնով պաշտպանում են վիրավոր ընկերոջն ու իրենց կյանքի գնով փրկում նրան:

Մխիթար Գալեյանի անունը նշված էր 2020 թվականի հոկտեմբերի 3-ին հրապարակված Արցախի ՊԲ-ի ցանկում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆՑ