Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից ՀՀ ԱԳՆ-ին փոխանցված բողոքի նոտան ուղղված է ՀՀ կառավարությանը:
«Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանի կառավարությունն անհանգստություն է հայտնում ոչ թե լրատվամիջոցների հրապարակումների, այլ ՀՀ կառավարության գործողությունների կապակցությամբ, հակառակ դեպքում՝ նրանք իրենց անհանգստությունը կարող էին այլ ձևերով հայտնել: Դա նշանակում է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև փոխհարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում:
Պատճառը ՀՀ իշխանությունների ակնհայտ հակառուսական վարքագիծն է, այսինքն՝ նրանք իրենց որոշակի գործողություններով, հանդիպումներով, պաշտոնական այցերով փորձում են ցույց տալ, որ շարունակում են հայ-ռուսական հարաբերություններն այն ոգով, այն տրամաբանությամբ, ինչպես դա ավանդաբար եղել է, բայց իրականության մեջ նրանք իրականացնում են քայլեր, որոնք անմիջականորեն հակադրված են ռուսական շահերին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ Բերձորի և Աղավնոյի շուրջ զարգացումները ևս հակառուսական գործընթացներ են: