Մի քանի օր առաջ գնացի մեր տան մոտ գտնվող մթերային խանութը: Առանց կողքերս նայելու զամբյուղի մեջ լցնում էի անհրաժեշտ գնումները, սակայն երբ հասա մսի բաժին, ակամա բարձրացրեցի գլուխս: Ինձանից առաջ կանգնած էր մի տատիկ, երևի 70-անց էր: Այնքան փոքր էր, տանջված…Անկախ ինձանից ուշադրություն դարձրեցի նրա կոշիկներին. դրանք գնված էին դեռ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում. մայրս նույնպես ունեցել է դրանցից…30 տարի առաջ…
Տատիկը վաճառողին հարցրեց, թե երբ կբերեն հավի կաշին: Աշխխատողն էլ պատասխանեց, որ կաշի չկա, բայց շան համար կարող են թարմ ոսկորներ վերցնել: Տատիկը՝ կամաց ձայնով, կարծես ներողություն խնդրելով, պատասխանեց, որ շան համար չէ, իր համար է…
Ես ու վաճառողուհին իրար նայեցինք…Մի քանի վարկյան անց կինը քթի տակ ինչ-որ բան մրթրթաց, բայց հասկացա, որ պետությանն է մեղադրում, որ թոշակառուներն այս օրի են: Տոպրակների մեջ մի քիչ աղացած միս և նրբերշիկ լցրեց և տվեց տատիկին: Ասաց, որ գումար պետք չէ, ինքը կվճարի…
Աչքերիցս արցունքներ գնացին…խեղճ տատիկը ստիպված է սնվել հավի կաշիով…
Ես էլ արագ կողմնորոշվեցի: Մի քանի տեսակի նպարեղեն, ձեթ և թեյ գնեցի: Չեմ ստի, ինձ համար դա մեծ գումար էր, մենք էլ շքեղ չենք ապրում, բայց տատիկն ավելի շատ ունի դրա կարիքը: Դուրս վազեցի և հասա տատիկին, երբ նա պտտվեց, տեսա, որ աչքերն արցունքոտ են: Տոպրակը տվեցի նրան: Առաջարկեցի օգնել՝ հասնել տուն: Ճանապարհին պատմեց, որ շատ քիչ թոշակ է ստանում, որը մի կերպ է բավականացնում սնունդի համար: Ամեն թոշակից մի քիչ գումար է խնայում, որ մահացած որդու համար գերեզմանաքար դնի, վախենում է, որ մինչև մահանալը չի հասցնի:
Ես մտապահեցի նրա հասցեն, և ինքս ինձ համար որոշեցի, որ գոնե ամսական մի անգամ նրա համար սնունդ կբերեմ: Իսկ ի՞նչ անեմ: Խղճում եմ միայնակ թոշակառուներին…