Ամերիկյան այս նրբաբլիթները՝ պանքեյքերը, հիշեցնում են մեր ալադիները (ձիթաբլիթ): Նրանք պետք է լինեն փքուն, թեթև ու ոսկեգույն երանգով: Ամերիկյան ընտանիքներում պանքեյքեր ավանդաբար պատրաստում են նախաճաշի համար: Այն տաք վիճակում դնում են ափսեի մեջ և վրան լցնում տարբեր օշարակներ:
Պանքեյքերը լինում են նաև տարբեր հավելումներով՝ հատապտղային, խնձորի, շոկոլադի: Պանքեյքերը պատրաստում են չոր տապակի մեջ, որը պետք է լինի իդեալական մաքուր: Սակայն, եթե դուք վախենում եք, որ այդպես կայրվի, ապա կարող եք սերուցքային կարագով պատել տապակը կամ լցնել ձեթ: Խորհուրդ չի տրվում հատապտուղներ և այլ հավելումներ լցնել հենց խմորի մեջ, քանի որ այն կարող է այրվել: Բաղադրիչներ հավկիթ-5 հատ
շաքարավազ- 70գր. ալյուր — 60գր փխրեցուցիչ — 2 գր. վանիլ — 1թ/գ աղ- մեկ պտղունց Պատրաստումը Վերցրեք 5 դեղնուց, ավելացրեք 40 գր. շաքարավազ, խառնեք: Ավելացրեք մի պտղունց աղ, փխրեցուցիչ, վանիլ և կրկին խառնեք: Մաղելով լցրեք ալյուրը: 4 սպիտակուց հարեք, ավելացրեք 30 գր. շաքարավազ, և կրկին հարեք: Սպիտակուցի զանգվածը խառնեք դեղնուցով զանգվածին: Տապակը տաքացրեք, գդալով վերցրեք խմորից լցրեք տապակի մեջ և փակեք կափարիչով: 2–3 րոպեից շուռ տվեք, որ մյուս կողմն էլ եփվի: Բարի ախորժակ: