«Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհվածներից է Վարդան Քոչարյանը։ Նրա հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Oragir.news-ին պատմեց, որ պայթյունից առաջ Վարդանը վերջինը խոսել է դստեր հետ։
«Քոչարյանը ձեռնարկատեր էր, մեծածախ առևտրով էր զբաղվում։ Չինաստանից ապրանք էր ներմուծում և մատակարարում ՀՀ մարզերում գործող խանութներ։ Երկար տարիներ այդ գործով էր զբաղվում։ «Սուրմալու»-ում իր առևտրի կետն ուներ։ Չեք գտնի մեկ մարդու, ով նրա մասին բացասկան կարտահայտվի․ համեստ էր, լուրջ, կշռադատված, աշխատասեր։ Սիրում էր դասական երաժշտություն ու սիրահարված էր բնությանը։ Շատ էր սիրում արևամուտը․ միշտ լուսանկարահանում էր։ Շատ ենք ցավում, որ իր կյանքի արևամուտը այսպես եղավ։ Նա բազմաթիվ նպատակներ ուներ»։