Երբեք չէի մտածի, որ կարող եմ այս կերպ պատմել կյանքիս մասին, առավել ևս խոսել այսքան անձնական թեմայի շուրջ:
Ես արդեն 4 տարի ամուսնացած եմ: Ի սկզբանե սկեսուրիցս առանձին ենք ապրել: Ամուսինս ուղղակի անթերի էր: Ես չէի հավատում, որ նման տղամարդու եմ հադիպել: Նա ինքը վերանորոգեց մեր տունը. ցերեկն աշխատում էր, իսկ երեկոյան պաստառներ փակցնում և սալիկապատում սանհանգույցը: Նա ինձ երբեմն նույնիսկ երես էր տալիս՝ առավոտյան նախաճաշ պատրաստելով:
Բախտս բերել էր նաև սկեսուրիս հարցում: Մեզ շատ էր օգնում, չէր խառնվում մեր անձնական գործերին: Սակայն շուտով ամեն ինչ փոխվեց:
Ես ունեցա առաջնեկիս: Կարծում էի, որ սա է իրական երջանկությունը: Ծննդաբերությունիցս հետո ամուսինս փոխվեց, կարծես ուրիշ մարդ լիներ: Նա դյուրագրգիռ և պարփակված էր դարձել: Իսկ ավելի ուշ իմացա դրա պատճառը. զբոսնում էի այգում որդուս հետ, երբ հանկարծ տեսա ամուսնուս…մի կնոջ հետ գրկախառնված: Դա ինձ համար սարսափելի մեծ ցավ էր…
Այդ օրը նրան ոչինչ չասացի: Առավոտյան գնացի սկեսուրիս տուն, կարծում էի ինձ կօգնի, կխոսի որդու հետ, նրան խրատներ կտա…
Սկեսուրս բացեց դուռը, տեսավ, որ արցունքոտ աչքերով եմ և հուզված: Ներս կանչեց, ջուր տվեց և նստեցրեց ինձ: Երբ մի քիչ հանգստացա, պատմեցի նախորդ օրվա տեսածս:
Ի զարմանս ինձ՝ սկեսուրս շատ հանգիստ և սառը տոնով ասաց, որ պիտի համակերպվեմ, այսօր շատ կանայք են ապրում նման ամուսինների հետ և չեն բողոքում: Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Նաև հավելեց, որ եթե չեմ ուզում, որ որդիս առանց հոր մեծանա, պիտի լռեմ:
Խնդրում եմ, դուք ինձ օգնեք մի խորհուրդով…հիմա իսկապես մոլորվել եմ…