«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատահաբար իմացա, որ մորը գտել են՝ երեխային գրկած։ Ո՞վ էր կասկածում, որ այդպես կլինի։ Երկրաշարժի ժամանակ հիշում եք՝ մայրը սեփական արյունով կերակրել է իր մանկիկին, մինչև գտել են նրանց։ Անափ է մայրական սերը։ Այդ տեսարանը, որ մայրը արյունով կերակրել է իր ձագուկին, միջազգային բոլոր լրատվություններով հնչեց՝ մոր տիեզերական մեծությունը բացահայտելու համար։
Ասում եք՝ ազգը միավորվի։ Ազգը միավորվում է նման սրբությունների արժևորման շուրջ, ազգը միավորում է սիրո, վեհ արժեքների շուրջ։ 2018-ին ոչ թե ազգը, այլ հախուռն մասսային միավորեցին ատելության, սևի շուրջ ու պառակտեցին ազգը։ Այսօր տարբեր կետերից հնչում են իշխանական ինկուբատորից դուրս եկող ձայներ՝ չգրեք, չխոսեք, հղի մոր ու իր մանկան մասին։ Հասկանում եմ, դա թիրախավորում է իշխանությանը, որովհետև թեման շա՜տ ցավոտ է, որովհետև թեման բաց վե՜րք է․․․ Հարկավոր է ինչքան կարելի է ավելի շուտ պարտակել նման հուզիչ մանրամասները։ Առջևում գո՜րծ կա․․․ Իսկ ես, երբ իմացա, որ մորը գտել են երեխային գրկած, որոշեցի բարձրաձայնել։ Մայրը տիեզերք է, Աստված։ Հայրենիքն ու մայրը նույնն են։ Ա՜յ այդպես, սիրող զավակի պես պետք է գրկենք մեր մայրենի հողը, հայրենիքը, դողանք նրա շնչի, ամեն թրթիռի համար։ Թաքցնե՞ք, որ Աստվածային մորը գտել են՝ երեխային գրկած։ Իսկ երկրաշարժի ժամանակ ինչու՞ չէինք թաքցնում մարդկային ամենանուրբ ելևէջները։ Հիշում եմ այն վիրաբույժին, որի մոտ գնացել էի՝ իմանալու, թե ինչպես է կարել, կարկատել մոր արյունատար անոթները, որոնցով կերակրել է իր մանկիկին։ Մեզ ոգևորում էին, որ վեհ, մարդկային ակունքները մաքրող զուլալ ջրերով ցողեինք տառապանքը։ Հիմա տառապանքը մաքրող ոչ մի վտակ չկա։ Վիշտն է, ցավը ու փլատակների վրա կանգնած պաշտոնյան, ով ասում է, որ եկել է սևացած ավերակների վրա որպես քաղաքապետի թեկնածու։ Նա չի եկել՝ կիսելու ժողովրդի ցավը, տառապանքը, նա չի եկել որպես զավակ, այլ եկել է որպես քաղաքապետի թեկնածու։ Նողկալի է։