Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ բազմաթիվ երեկոներ անցկացրած Նիկոլայ Դոլգոպոլովը պատմել է` ինչպիսին էին լեգենդար հետախույզները սովորական կյանքում։
Գրողը հիշում է, որ Գոհար Վարդանյանը միանգամից հասկանում ու զգում էր հյուրի խոհարարական նախասիրությունները։
Գևորգ Վարդանյանը, գրողի խոսքով, ընտանիքում միշտ առաջին պլանում էր։ Ամբողջ փառքն ու պատիվը նրան էր բաժին ընկնում։ Իսկ տիկին Վարդանյանը միշտ ստվերում էր։
«Գոհար Լևոնովնան անվանի հետախույզ էր, բայց նրա մասին շատ ավելի քիչ էր խոսվում։ Մենք նրան գիտենք որպես հավատարիմ օգնական, գիտենք, որ երեք անգամ ամուսնացել է տարբեր երկրներում, տարբեր ազգանունների տակ, բայց միշտ նույն մարդու հետ։ Բայց պետք չէ մոռանալ մի կարևոր հանգամանք` Գոհար Լևոնովնան բարձրակարգ ռադիստ էր։ Հենց նա էր գաղտնագրում իրենց հավաքած ամբողջ տեղեկությունն ու փոխանցում Մոսկվա»։
Տիկին Վարդանյանը նախընտրում էր չխոսել իր աշխատանքի մասին։ Իսկ պարոն Վարդանյանի ասածներից հայտնի է, որ նա շատ արագ էր տեղեկություն ստանում ու փոխանցում։
«Մեր հանդիպումներից մեկի ժամանակ հարցրի. «Հոգնու՞մ էիք»։ Ու Գոհար Վարդանյանն ինձ պատասխանեց. «Ոչ։ Այդ աշխատանքը, ի տարբերություն որոշ այլ գործերի, շատ հեշտ էի անում»։ Նա ասում էր, որ շատ էր սիրում մեքենայով երթևեկել, պատմում էր, որ տարբեր մեքենաներով են երթևեկել։ «Երբեմն ուղղակի հաճույքի համար շատ արագ էի վարում։ Ես սեղմում էի գազի ոտնակը, ու մենք սլանում էինք։ Գևորգը երբեմն ինձ կանգնեցնում էր»,– հիշել է տիկին Գոհարը։
Միաժամանակ նա չափազանց զգուշավոր էր։
«Զգուշավորությունն ամեն կերպ էր դրսևորվում, նույնիսկ մեր խոսակցություններում։ Երբ նստած խոսում էինք, գիրքն էինք գրում, հիմնականում Գևորգ Անդրեևիչն էր պատմում։ Իսկ Գոհար Լևոնովնան ուշադիր լսում էր, թափահարում էր գլուխը։ Երբեմն նրբանկատորեն հարցնում էր. «Ժորա, իսկ դրա մասին արդեն կարելի՞ է»։ Ու Գևորգ Անդրեևիչն ասում էր. «Այո, այո, արդեն կարելի է»։
Գոհար Վարդանյանը շատ ծանր էր տանում ամուսնու մահը։ Գևորգ Վարդանյանը մահացավ 2012 թվականին։
Զանգեցի, որ քաջալերեմ նրան։ Հարցրի` ի՞նչ եք անում։ Ասաց. «Թեյ եմ խմում, էլ ի՞նչ պետք է անեմ։ Ու միայնակ»։ Ինձ համար շատ դժվար էր դա լսել։ Հետո, որոշ ժամանակ անց համարձակվեցի նրա տուն գնալ։ Մտա դատարկված բնակարան, առաջին պատահած տեղում նստեցի։ Գոհար Լևոնովնան թեյը ձեռքին մտավ ու նկատողություն արեց. «Նիկոլայ, Ժորայի տեղն եք նստել։ Ձեր տեղն այստեղ է` կողքը»։ Ու իսկապես, նրանց տուն գնալիս միշտ նույն տեղում էի նստում», – պատմում է Դոլգոպոլովը։
Բարեկամներից շատերն էին գալիս նախկին հետախույզի տուն` նրան սատարելու։
«Գոհար Լևոնովնան միշտ հպարտությամբ էր ասում. «Իմ հայ բարեկամներն ինձ չեն լքում»։ Նրանք, ցավոք, երեխաներ չունեին։ Բայց դա հետախույզների ճակատագիրն է, որոնք գրեթե կես դար հատուկ պայմաններում էին աշխատում։ Երեխաների հետ նրանց համար դժվար կլիներ։ Ու նաև ռիսկային։ Ե’վ իրենց համար, և’ այն երեխաների, որոնց նրանք կարող էին կյանք պարգևել։ Քանի որ մասնագիտությունն այնպիսին է, որ միշտ ստիպված ես դանակի սայրով քայլել։ Դա համատեղ որոշում էր։ Նրանք երեխաներ չունեին, ու ամբողջ սերը պարգևում էին զարմուհուն` Մարգոշային», – ասում է Դոլգոպոլովը։
Կյանքի վերջին տարիներին Գոհար Լևոնովնան խիզախության դասընթացներ էր անցկացնում կադետական դպրոցում։
«Նա կարողանում էր շատ լավ շփվել և՛ երեխաների, և՛ մեծահասակների հետ։ Նրան միշտ ուշադիր լսում էին։ Գոհար և Գևորգ Վարդանյանները միշտ մեկ դաս էին տալիս` կյանքում ամենակարևորը հայրենիքն է։ Այդպիսին էր նրա դասը, որը բոլորը լավ էին յուրացնում», – հիշում է գրողը։