Մի օր ավտովթարից մահանում են 3 կանայք, և երբ նրանք հայտնվում են դրախտում, նրանց առաջ հայտնվում է հրեշտակապետը և ասում․
–Դրախտում մնալու համար կա մի կարևոր կանոն․ չկանգնել բադիկների վրա։
Հենց որ կանայք ոտք են դնում դրախտ, տեսնում են,որ բադիկներն ամենուր են։
Գրեթե անհնար էր դրանց վրա չկանգնելը, բայց 3 կանայք ամեն կերպ փորձում էին չխախտել կանոնը։ Սակայն հաջորդ օրը կանանցից մեկը պատահաբար կանգնում է բադիկի վրա, և հենց այդ պահին հայտնվում է հրեշտակապետը՝ մի տգեղ, անճոռնի տղամարդու ձեռքից բռնած։
Հրեշտակապետը բռնում է կնոջ ձեռքը, տալիս անճոռնի տղամարդուն և ասում․
–Սա քո պատիժն է, որ կանգնեցիր բադիկի վրա, այսուհետ ընդմիշտ կլինես այս տղամարդու հետ։
Հաջորդ օրը երկրորդ կինն է անզգուշաբար կանգնում բադիկի վրա, իսկ երբ գալիս է հրեշտակապետը, կանայք տեսնում են էլ ավելի տգեղ, սարսափելի տղամարդու, որի հետ էլ, հետևաբար, պիտի մնա կինը։
Երրորդ կինը՝ տեսնելով այդ ամենը և չցանկանալով ընդմիշտ կապված լինել անճոռնի տղամարդու հետ, շատ զգույշ ու ուշադիր է քայլում։
Նրա մոտ ստացվում է մի քանի ամիս չկանգնել բադիկների վրա, բայց մի օր գալիս է հրեշտակապետը՝ մի չքնաղ, գեղեցիկ, բարձրահասակ, ամրակազմ ու հմայիչ տղամարդու հետ։ Հրեշտակապետը բռնում է նրանց ձեռքերը, միացնում և առանց որևէ մի բան ասելու հեռանում։
Երջանիկ կինը ասում է․
–Ես այնքան զարմացած եմ, ի՞նչ եմ արել, որ արժանանամ քեզ հետ մի ամբողջ հավերժություն անցկացնելու հնարավորությանը։
Տղամարդը պատասխանում է․
–Չգիտեմ, թե դուք ինչ եք արել, բայց ես պատահաբար կանգնել եմ բադիկի վրա։